FIDH-ը Հաագայի դատարանից պահանջում է Մարգարիտա Սիմոնյանին, Սոլովյովին, Մեդվեդևին կալանավորելու օրդեր տալ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և նրա գործընկերները դիմել են Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակին՝ պահանջելով կալանքի օրդեր տալ ռուս վեց պրոպագանդիստների համար: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում անելով կազմակերպության մամուլի հաղորդագրությանը։


 Իրավապաշտպանները պահանջել են կալանքի օրդեր տալ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, «Россия Сегодня» մեդիա խմբի ղեկավար Դմիտրի Կիսելյովի, ռադիոհեռուստահաղորդավար Սերգեյ Մարդանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի համար:


Նրանք բոլորը, հայտարարության հեղինակների կարծիքով, նպաստում են Ռուսաստանի ռազմական հանցագործություններին՝ մասնակցելով Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ ատելություն տարածելու արշավին։ Իրավապաշտպանները հայտարարում են, որ այդ գործողությունները կարելի է որակել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։


FIDH-ը կարծում է, որ ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը՝ մարդ, որը պատասխանատու է ռուսական հեռուստատեսության պետական ​​քարոզչության համար, նույնպես պատասխանատվություն է կրում ատելության խոսքի միջոցով ուկրաինացիների հետապնդման համար։

 

Իրենց դիմումի շրջանակներում իրավապաշտպանները վերլուծել են ավելի քան երկու հազար տեսանյութ ռուս քարոզիչների հայտարարություններով, որոնք արվել են 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը։ Ընդհանուր առմամբ FIDH-ը և նրա գործընկերները հայտնաբերել են ավելի քան 300 հայտարարություն, որոնք համարվում էին ուկրաինացիների նկատմամբ ատելության խոսք: FIDH-ի ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՄՔԴ դատախազություն։